ENG  RUS
Alexandr Arutunian
compositions

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՐՈՇ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

«ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» ՕՊԵՐԱՆ

Ինչպես արտահայտվել է Արամ Խաչատրյանը` հայկական օպերայի պատմության մեջ Ալեքսանդր Հարությունյանի օպերայից նոր «տարեգրություն» սկսվեց: Կոմպոզիտորն օգտագործել է Սայաթ-Նովայի որոշ մեղեդիներ և այնքան է տոգորվել մեծ աշուղի երգերի եղանակային-ինտոնացիոն ու տաղաչափական առանձնահատկություններով, որ կարողացել է ստեղծել երաժշտության ոճական միասնություն, որում Սայաթ-Նովայի երգերն օրգանապես ներհյուսվում են ընդհանուր կտավի մեջ` երաժշտական հենքի ընդհանուր օրինաչափությունները չխախտելով: «Սայաթ-Նովա» օպերան Երևանում հսկայական հաջողություն ունեցավ, երկար ժամանակ ներկայացվում էր Օպերայի թատրոնի բեմում (ավելի քան հարյուր ներկայացում), բեմադրվել է Բաքվում (1973), հյուրախաղերի ընթացքում ներկայացվել է Մոսկվայում և Լենինգրադում:

«Գրում եմ այս նամակը «Սայաթ-Նովա» ներկայացումից անմիջապես հետո: Շնորհավորում եմ քեզ մոսկովյան հաջողության կապակցությամբ: <...> Դու բարձրացրեցիր այդ մեծ երգասացությունն անհավատալի բարձունքի: Քո պատմական վաստակը վիթխարի է: Իմ կարծիքով` հայկական օպերայի, խորհրդային օպերային արվեստի պատմության մեջ քո օպերան ամենաբարձր տեղերից մեկը կգրավի: Այդ օպերան քաղցրահնչյուն է, դրա լեզուն նրբաճաշակ է, գործիքավորումը շատ նուրբ է ու հնարամիտ: <...> » (Արամ Խաչատրյան):

«Խորհրդային մշակույթ» թերթում Ս.Վ. Աքսյուկը գրել է. «Ալ.Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան ընկալվում է որպես սիրո և արիության մասին պոեմ: Հարությունյանի երաժշտական ձիրքն անսպառ է: Նա ի'նքն է կարծես աշուղի վերածվում, միայն թե` բարձր ու ժամանակակից մասնագիտական դպրոցի աշուղի: <…> Ըստ որում` իրենց նշանակալիությամբ ու գեղեցկությամբ համարժեք են թե` մենակատարի դերերգերը, թե` անսամբլները, թե` երգչախմբային և թե` նվագախմբային դրվագները. հազվագյուտ ու նախանձելի ներդաշնակություն:<...> »:

«Ալ.Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի հայտնությունն օպերային ժանրի դժվարագույն ասպարեզում մեծ հաղթանակ եմ համարում: Վերջին տարիների իմ ամենավառ երաժշտական տպավորությունների շարքում ես չեմ կարող չանվանել Ալ.Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան: Դա, իհարկե, տաղանդավոր կոմպոզիտորի ոչ թե պարզապես հաջողությունն է, այլ` գագաթնակետն այն ամենի, ինչը նա ստեղծել է մինչ այժմ» (Դ.Կաբալևսկի):

ՆՎԱԳԱԽՄԲԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հանդիսավոր ձոն և քայլերգ» – սիմֆոնիկ նվագախմբի համար (1947, ձեռագիր)
«Տոնական նախերգանք» (1949)
«Հայաստանի պարերը» («Պարային սյուիտ») – սիմֆոնիկ նվագախմբի համար, 5 մաս (1952)
Սիմֆոնիա նվագախմբի համար (1957)
«Համերգային վալս» («Իմ ընկերոջ մասին» կինոնկարից) – սիմֆոնիկ նվագախմբի համար (1958)
«Կրակի բովով» («Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմից), (1960)
Սիմֆոնիետ լարային նվագախմբի համար, 4 մաս (նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբին) , (1966)
Requiem – սիմֆոնիկ նվագախմբի համար (1975, ձեռագիր)
Թեմա վարիացիաներով – լարային նվագախմբի համար (1986, ձեռագիր)

Մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար սիմֆոնիան (4 մասից, նվիրված է Իրինա Վարդանի Օդենովային` Ալ.Հարությունյանի տիկնոջը, 1957) պատկանում է հայ սիմֆոնիզմի (համադաշնակության արվեստի) կայացման բավականին կարևոր փուլին, որը դասակարգվում է որպես ազգային նեոկլասիցիզմ (նոր դասականապաշտություն):
Հանդիսավոր Maestoso-ն ունկնդրին ներգրավում է ամբողջ Սիմֆոնիայի դրամատիկական խանդալիցության աշխարհն ու նախապատրաստում Allegro con fuococ moll-ում:

Երկրորդ մասը` Andante sostenuto, գագաթնային նմուշ է ողբերգական երաժշտության, որի հիմքում ընկած է «Երբ ալեկոծ ծովի վրա» հայ հայրենասիրական երգի մեղեդին:
Երրորդ մասը` Allegretto, կայծացայտ Սկերցո է:
Չորրորդ մասն է` Moderato. Allegro:
Իր մասշտաբներով առաջին մասին համազոր Սիմֆոնիայի վերջնամասը զարգացման մեջ է դնում դրամատիկականության մի նոր աստիճան:

Զարգացման գլխավոր սկզբունքն է խանդավառ արվեստագետի ու փիլիսոփայի բազմակողմանի միասնական կերպարի բոլոր գծերի համադրումը (սինթեզը):

«Սիմֆոնիայի երաժշտությունը գրավում է իր անկեղծ մարդկայնությամբ, դրամատիկականությամբ, մեղեդիական շնչառության ընդարձակությամբ, իր մեջ մարմնավորված զգացմունքների գեղեցկությամբ ու ճշմարտացիությամբ: Ըստ իս` սիմֆոնիայի երաժշտության ներգործած տպավորության ուժն արմատավորվում է, նախ և առաջ` այդ սիմֆոնիայի մեղեդայնության արտահայտչության ու գեղեցկության, իր բոլոր մասերը թափանցող երգայնության մեջ» (Դ.Կաբալևսկի):

«Վերջին տարիների ընթացքում ես չեմ հիշում այնպիսի հոգեկան հմայքով, մարդկային զգացմունքի ջերմությամբ, այժմեության թեմայի ընդգրկման խորությամբ սիմֆոնիայի հայտնություն, ինչպիսին է Ալ.Հարությունյանի սիմֆոնիան: Այդ իմաստով` դա տեղ է գրավում Ս.Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիայի և Ն.Մյասկովսկու Քսանյոթերորդ սիմֆոնիայի կողքին: Ազգային բնույթը միայն ուժեղացնում է այդ ստեղծագործության ազդեցությունը» (Ս.Աքսյուկ):

Առաջին կատարումը (պրեմիերան) կայացավ 1957 թվականին Երևանում` Մ.Մալունցյանի ղեկավարությամբ:

Լարային նվագախմբի համար սիմֆոնիետը (4 մասից, նվիրված է Հայաստանի կամերային անսամբլին, 1966) հիրավի` նորարարական ստեղծագործություն է` համարձակ, արդիական, «առանց երաժշտությունն արհեստականորեն մոդեռնացնելու փորձերի» (Ս.Աքսյուկ):

Սիմֆոնիետը գրված է լարային նվագախմբի համար` առանց այլ տեմբրային երանգների, ինչը կանխորոշում է երաժշտական նյութի միասնական օրգանիկան: Դրա հետ մեկտեղ` աղեղնային նվագախումբն օժտված է անհամար նրբերանգներով և կատարողական յուրահատուկ հնարներով, և այդ երաժշտական համերանգության կատարելությունը միայն շատ հմուտ գրչին է հասու:

Մասերի անվանումները (Նախերգ, Արիոզո, Ինտերմեցցո-պիցցիկատո և Վերջներգ (Ֆինալ)) մատնանշում են ժանրային պատկանելությունը բարոկկոյի սյուիտներին: Փոքր ծավալում դրամատուրգիական վիթխարի խորություն է պարփակված:

Իսկ Դ.Շոստակովիչը կոմպոզիտորին հղած նամակում գրել է. «Ինձ դուր եկավ այդ ստեղծագործությունը: Զարմանալի վճիտ է ու մաքուր: Թեմատիկան հիանալի է: Ամեն ինչ շատ լավ է հնչում: Կարծես թե պարզ է, բայց միաժամանակ` շատ հնարամիտ, հետաքրքիր: Ես հասու չեմ գրավոր (թերևս, նաև` բանավոր) ձևով արտահայտելու իմ հիացմունքը»:

Առաջին կատարումը կայացավ 1966 թվականին Եսենտուկիում` Զ.Սահակյանցի ղեկավարությամբ:

Տոնական նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1949).
Այս ստեղծագործության մեջ բացահայտվեցին այն գծերը, որոնք կանխորոշեցին Ալ.Հարությունյանի ստեղծագործական եղանակը, նրա կոմպոզիտորական կերպարը: Տոնական նախերգանքը հայ երաժշտական արվեստում գեղարվեստական գագաթնակետերից մեկը դարձավ:
Առաջին կատարումը կայացավ 1949 թվականին Լենինգրադում` Ե.Մռավինսկու ղեկավարությամբ:

ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿՈՆՑԵՐՏՆԵՐ

Ալ.Հարությունյանի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում կոնցերտային ձևը: Նա գրել է 13 կոնցերտ տարբեր նվագարանների համար` դաշնամուրից սկսած և գրեթե բոլոր փողային նվագարաններով վերջացրած:

Փողային նվագարանների թավշյա հնչյունների գեղեցկությամբ թովված լինելով` Ալ.Հարությունյանն արդեն կես դար է, ինչ գրում է ստեղծագործությունների մի ամբողջ շարք շեփորի, հոբոյի, ֆագոտի, ֆլեյտայի, տրոմբոնի, «ծանրաքարշ» տուբայի, «քմահաճ» գալարափողի ու դրանց անսամբլների համար` դրանով իսկ հայ փողային երաժշտության մեջ «առաջագնաց» լինելով և համաշխարհային երաժշտական մշակույթը հարստացնելով:
Սակայն անհրաժեշտ է հատուկ նշել Ալ.Հարությունյանի կոնցերտները տարբեր փողային նվագարանների ու նվագախմբի համար: Կոմպոզիտորին մշտապես գրավել է դրանց յուրահատուկ հնչողությունը, որը նա վարպետորեն և գեղարվեստական մեծ ճաշակով օգտագործել է իր սիմֆոնիկ ստեղծագործություններում:


Concerto-(trumpet) Կոնցերտ շեփորի ու նվագախմբի համար (1 մասից, նվիրված է Հայկազ Մեսիայանին, 1950).
XX դարում ստեղծված վիթխարի թվով ստեղծագործությունների շարքում սոսկ քչերը կան, որոնք կարելի է անվանել քրեստոմատիական: Մոլորակի գործնականորեն բոլոր մայրցամաքներում չկա փողային կատարման ոչ մի հայտնի դպրոց, որտեղ Ալեքսանդր Հարությունյանի Կոնցերտը շեփորի ու սիմֆոնիկ նվագախմբի համար պարտադիր չհամարվեր փողահարների ուսուցման գործընթացում և ականավոր կատարողների խաղացանկային «ծրագրի մեխը» չլիներ:

Առաջին կատարումը կայացավ 1950 թվականին Մոսկվայում` Կ.Էլիասբերգի ղեկավարությամբ, մենակատար` Հ.Մեսիայան:

Կոնցերտն ստեղծելիս Ալ.Հարությունյանը մենակատարային կադենցիա առանձին չի գրել: Սակայն այդ գործում հսկայական դեր էր վիճակված ունենալու ականավոր խորհրդային փողահար Տիմոֆեյ Դոկշիցերին: Ստեղծագործությունը վիթխարի թվով հրատարակվել է ողջ աշխարհում. Մեծ Բրիտանիայում ("Boosey and Hawkes"), Գերմանիայում ("Musikverlag Hans Sikorski"), Ճապոնիայում ("Zen – On Muzik Compani"), Իտալիայում ("G.Ricordi & C."), Ֆրանսիայում ("Chant du Monde"), Ֆինլանդիայում ("Fazer Musik Inc"), ԱՄՆ-ում ("G.Schirmer Inc") և գրեթե բոլոր հրատարակություններում առկա է Դոկշիցերի կադենցիան ` որպես կոմպոզիտորի ու կատարողի հազվագյուտ համաստեղծագործության օրինակ:
«Սիրելի Ալեքսանդր Գրիգորի, ես հաճախ եմ մտածում Ձեր մասին` որպես բացառիկ հոգու տեր մարդու և անչափ տաղանդավոր հեղինակի… Միայն Դուք կարող եք ստեղծել այնպիսի մեղեդի, որը կարելի է կատարել շեփորով"»– գրում է իր նամակում ականավոր երաժիշտ Տիմոֆեյ Դոկշիցերը:
Կոնցերտը կատարում են աշխարհի հանրաճանաչ այնպիսի երաժիշտ փողահարներ, ինչպիսիք են Տիմոֆեյ Դոկշիցերը, Սերգեյ Նակարյակովը, Արթուրո Սանդովալը, Մորիս Անդրեն և ուրիշներ:

Կոնցերտինո դաշնամուրի ու սիմֆոնիկ նվագախմբի համար (3 մասից, նվիրված է դստերը` Նարինե Հարությունյանին, 1951).
Սիմֆոնիկ նվագախմբի հետ, եռամաս կոնցերտային շարքը հավաք է իր ձևով, շատ բովանդակալից է ու համապատասխանում է դաշնամուրային կոնցերտի դրամատուրգիայի բոլոր նորմերին: Թեմաները Կոնցերտինոյում կարծես մրցում են միմյանց հետ գեղեցկությամբ ու պայծառությամբ: Դա Հարությունյանի ինտոնացիոն առավել հագեցած ստեղծագործություններից է:
Առաջին կատարումը կայացավ 1951 թվականին Երևանում` Մ.Մալունցյանի ղեկավարությամբ, հեղինակի մենակատարությամբ:

concertoԿոնցերտ գալարափողի ու նվագախմբի համար (1962). 2 մասից շարք է:
Առաջին մասը կարելի է մեկնել որպես մեծ նախերգանք, որը նախապատրաստում է երկրորդ բաժինը (պարային թեթև ռիթմերով): Վառ կերպով արտահայտված է երաժշտական նյութի ժողովրդականությունը, որը հատկապես նկատելի է թեմայի մելոդիկայում: Թեմային հատուկ որոշ իմպրովիզայնությունը նույնպես արթնացնում է հիշողության մեջ ժողովրդական էպիկական երգերի կատարման ազատ եղանակը:

Theme-and-VariationsԹեմա և վարիացիաներ շեփորի ու սիմֆոնիկ նվագախմբի համար (նվիրված է Յուրի Բալյանին, 1973).
Շարժման դինամիկայով ու հուզական լարվածությամբ տարբեր` առաջին և երկրորդ վարիացիաները , այնուամենայնիվ, կերպարային նմանություն ունեն` լուսավոր, խնդալից ու կենսահաստատ էության կրողներ լինելով: Երրորդ ու չորրորդ վարիացիաները, ընդհակառակն` ողբերգական են: Դրանց կերպարային սիմվոլիկան միասնական է, և երաժշտական կտավի որոշակի կառուցվածքային նմանություն է դիտվում: Հինգերորդ վարիացիան կենսուրախ ֆինալ է` պայծառ, դրական հուզականությանը ձգտող: Թեման և վարիացիաները միահյուսված են միասնական պատմության մեջ` միմյանց հաջորդաբար փոխող կերպարային-խորհրդանշանային փուլերով երաժշտական կառուցվածքի տրամաբանությանը հետևելով: Մենակատար նվագարանի կոնցերտային ցայտունությունն օգտագործելով` Ալ.Հարությունյանը հասավ գեղարվեստական բարձրագույն նպատակին` ստեղծելով այնպիսի կտավ, որն անհամեմատ գերազանցում է կոնցերտայնության խնդիրները:
Առաջին կատարումը կայացավ 1973 թվականին Երևանում` Ռ.Մանգասարյանի ղեկավարությամբ, մենակատար` Յու.Բալյան:

«Մեր հին երգերը» ռապսոդիա դաշնամուրի, լարային նվագախմբի ու հարվածայինների համար (1974).
«Մեր հին երգերը» ռապսոդիան դաշնամուրի, լարային նվագախմբի ու հարվածայինների համար առանձնանում է իր յուրօրինակությամբ ու բացառիկ արտահայտչությամբ: Հեղինակն իրեն բնորոշ վարպետությամբ հաղորդել է հինավուրց մեղեդիներին նոր, թարմ հնչողություն` նուրբ, բազմատոնային գեղգեղանքների, ներդաշնակ գունեղ գյուտերի շնորհիվ:
Ռապսոդիայի անվանումը` «Մեր հին երգերը», իր մեջ հայրենասիրական վեհանձնության ազդակ է պարունակում, ընդ որում` ոչ թե ցուցապաստառային-ցուցամոլական, այլ` սրտառուչ ու անկեղծ: Ռապսոդիայում օգտագործված են հայկական չորս երգ. երկու քնարական` «Ավարայրի սոխակ» և «Հին կիլիկիական», ինչպես նաև քաղաքային` «Արաքսի արտասուքը», և հերոսական-հայրենասիրական` «Զեյթունցիների քայլերգը»:

Կոնցերտ հոբոյի ու փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար (3 մասից, 1977). Կոնցերտը կարելի է դասել բարոկկոյի երաժշտության կարգը: Իր ավարտունությամբ ու հավաքությամբ փայլուն առաջին մասը կանխորոշում է իրադարձությունների հետ¬ագա ընթացքը: Նրբագեղ և անշտապ զարգացող երկրորդ մասում գոբոյը ներկայացված է իր մեկ այլ որակով` քնարական ու ոգեշունչ:
Ողջ Կոնցերտը հիմնված է սիմֆոնիկ ցիկլայնության բեթհովենյան մոդելի վրա, որում ամբողջ ձևագոյացումն ուղղված է դեպի վերջնամասը:
Առաջին կատարումը կայացավ 1979 թվականին Երևանում` Դ.Խանջյանի ղեկավարությամբ, մենակատար` Լ.Օհանյան:


Կոնցերտ ֆլեյտայի, լարայինների, տավղի ու բոժոժների համար (2 մասից, նվիրված է Ալեքսանդր Կոռնեևին, 1980).
Նվագախմբի նվագարանային կազմն այս պարտիտուրում բացառում է փողային այլ նվագարանների անհրաժեշտությունը: Երբեմն օգտագործվող (Դեբյուսի, Պրոկոֆև) ֆլեյտայի ու բոժոժների զուգակցությունը շատ գեղեցիկ է դաշնաձայնային միախառնման մեջ:
Առաջին կատարումը կայացավ 1973 թվականին Տալլինում` Ֆ.Մանսուրովի ղեկավարությամբ, մենակատար` Ա.Կոռնեև:

concetro violinԿոնցերտ ջութակի ու լարային նվագախմբի համար (4 մասից, նվիրված է Ռուբեն Ահարոնյանին, 1988).
1988 թվականի ահավոր երկրաշարժի տպավորությամբ` Ալեքսանդր Հարությունյանը գրեց ոգեշունչ Կոնցերտ ջութակի ու լարային նվագախմբի համար: Դա հուզականորեն ամենաբաց ստեղծագործություններից մեկն է: Այդ ստեղծագործության մեջ, անշուշտ, պահպանվել են նրա կոմպոզիտորական ձեռագրի հիմնական գծերը, բայց, միաժամանակ` այդտեղ բացահայտվել են ինչ-որ նոր որակներ` ավելի մեծ հոգեբանական խորություն և փիլիսոփայական ընդհանրացում: Նոր գծեր են դիտվում նաև Կոնցերտի երաժշտական լեզվում, որն արտացոլում է կոմպոզիտորի ոճական բարեշրջությունը:

Կոնցերտում Ալ.Հարությունյանը ներկայանում է որպես իրապաշտ հոգեբան, ով նրբորեն և վարպետորեն հաղորդում է զանգվածային վշտի լարված զգացմունքները:
4 մասից բաղկացած շարքը կառուցված է դանդաղ և արագ մասերի հերթագայության հստակ ուրվագծով. I և III մասերը` դանդաղ. II և IV մասերը` արագ: Առաջին մասը` Andante sostenuto, ինչպես և Կոնցերտի մյուս մասերը` գրված է եռամաս ձևով: Երկրորդ մասը` Allegretto, ըստ ժանրի` կարելի է դասել տոկկատաների շարքը: Երրորդ մասը` Adagio. Recitativo, քնարական մասն է. մենակատար ջութակի մենախոսությունը: Վերջնամասը` Allegro molto, կոմպոզիտորն ստեղծել է perpetuum mobile մոդելով:

Առաջին կատարումը կայացավ 1989 թվականին Երևանում, նվագավար և մենակատար` Ռ.Ահարոնյան:
«…Կոնցերտն առատ է նրբագեղ քաղցրալուր գյուտերով, տպավորիչ է ռիթմական աշխուժությամբ ու խորը զգացված հուզական ուժով, հատկապես` երրորդ մասի միջնամասում, և երանգների արբեցուցիչ մոլեգնությամբ վերջնամասային փայլուն պերպետուում մոբիլեում» (Յոզեֆ Հորովից, կոմպոզիտոր, Մեծ Բրիտանիա):
«Ջութակի կոնցերտն ընդունվում է որպես Ալ.Հարությունյանի գլուխգործոցներից մեկը… Դա հիասքանչ վերարտադրում է այնպիսի դիտարկումների, որոնք, եթե հնարավորություն ունենար իրեն ունկնդրելու Steven Spielberg-ը (Սթիվեն Սփիլբերգ` հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ), ապա կոգեշնչվեր մի նոր բլոկբասթերի նկարահանումների» (Թիմ Մեհոն, երաժշտագետ, ԱՄՆ):


Concerto-(Trombone)Կոնցերտ տրոմբոնի ու նվագախմբի համար (3 մասից, նվիրված է Միշել Բեքեին, 1991):
Ալ.Հարությունյանն ընտրել է տրոմբոնի կատարման հազվադեպ հանդիպող եղանակ. Կոնցերտում տրոմբոնը երգող է:
Առաջին մաս` Adagio maestoso. լիակատար չափով ցուցադրվում է տրոմբոնի երգայնությունը:
Երկրորդ մաս` Andante sostenuto. լսվում են տարանտելլայի նմանվող պարի ձայներ:
Երրորդ մաս` Allegro. մենակատար նվագարանի առավելագույն բեռնվածության տեմպ:
Հաշվի առնելով, որ, կադենցիայից բացի` ամբողջ վերջնամասը հնչում է առանց տեմպային փոփոխումների, ակնհայտ է դառնում այս ստեղծագործության կատարման ծայրահեղ բարդությունը, որը մատչելի է միայն մեծավարպետ երաժշտին:
Առաջին կատարումը կայացավ 1991 թվականին Ցյուրիխ քաղաքում (Շվեյցարիա), մենակատար` Մ.Բեքե:


Concerto-(tuba)Կոնցերտ տուբայի ու նվագախմբի համար (3 մասից, նվիրված է Ռոջեր Բոբոյին, 1992). հայ երաժշտության մեջ նմանօրինակը չունի: Պարտիտուրի ամենասկզբում հայտարարված է հնչողության ժամանակը` 15 րոպե, որը մենակատար տուբայի համար առավելագույնն է` կատարողի ծանրաբեռնվածության տեսանկյունից:
Կոնցերտի առաջին կատարումը կայացավ 1995 թվականին Լահթի քաղաքում (Ֆինլանդիա) անցկացված հեղիանակավոր Միջազգային երաժշտական փառատոնում, տուբահար Հարրի Լիդսլեի մենակատարմամբ (Յ.Սվենսենի ղեկավարությամբ): Մեկ տարի անց, Հայկական ֆիլհարմոնիայի հրավերով` նա այդ Կոնցերտը կատարեց Երևանում: Տպավորությունը վիթխարի էր:
«Հարությունյանը, մնալով Հարությունյան, հնչում էր անհավատալիորեն ժամանակակից, նույնիսկ` առաջապահ կերպով: Ահա` ստեղծագործության և, ընդհանրապես` արվեստի հանելուկ, երբ հինն ու նորը, հնացածը գոյություն չունեն, այլ` առկա է իր ժամանակակցին ուղղված տաղանդավոր ասելիք» (Մ.Ռուխկյան):

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունները նրա ժառանգության մեջ յուրօրինակ շերտ են` չափազանց նրբաճաշակ ու ինքնատիպ ինչպես ժանրային, այնպես էլ` գեղագիտական անկրկնելիության և բանաստեղծական նուրբ ոգեշնչման տեսանկյունից:

«Երգ Արագած սարի մասին» – թավջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար (1945, ձեռագիր)
Լարային կվարտետ, 3 մաս (1947), (նոր խմբագրում, 1984, ձեռագիր)
«Փոքրիկ նախերգանք» – ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար (1967, Երևան, «Արճեշ», 2000)
«Նվիրում Կոմիտասին» – ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար (1969, ձեռագիր)
Սյուիտ – փայտե փողային կվինտետի համար, 4 մաս (1978), (նոր խմբագրում, 1980, ձեռագիր)
«Հայկական էսքիզներ» – սյուիտ պղնձե փողային կվինտետի համար, 4 մաս (1984, Շվեյցարիա, "BIM", 1984)
«Սասունցիների պար» – լարային կվարտետի և դաշնամուրի համար, փոխադրումը` հեղինակի (1986, ձեռագիր)
«Պար» – չորս տրոմբոնի համար (1989, Շվեյցարիա, "BIM", 1989)
Երկու պիես (մանրանվագ) չորս տրոմբոնի համար (1989, Շվեյցարիա, "BIM", 1989)
Սյուիտ տրիոյի համար (կլարնետ, ջութակ, դաշնամուր), 3 մաս (1993, Տոկիո, "Zen-On", 1994)
Սյուիտ տրիոյի համար (հոբոյ, գալարափող, դաշնամուր), 3 մաս (1998, Տոկիո, "Zen-On", 1998)

Poem-(cello) Պոեմ թավջութակի ու դաշնամուրի համար (նվիրված է Մեդեա Աբրահամյանին, 1975). Այս Պոեմի ստեղծման գործընթացն անսովոր էր. սկզբում ի հայտ եկավ Պոեմի սիմֆոնիկ մեկնակերպը, իսկ հետո նոր միայն` կամերայինը, որն ինքը` կոմպոզիտորը, համեստորեն անվանեց փոխադրում: Նախերգանքում շարադրված թեման ինքնատիպ է այնքանով, որ վերնագրային մեղեդու կրկնությունը փոփոխակային է:
Պոեմը հրատարակված է Տոկիոյում ("Zen-On", 2006):


sonata-retro"Retro" սոնատ ալտի ու դաշնամուրի համար (3 մասից, նվիրված է Հակոբ Պապյանին, 1983).
Հայ երաժշտական մշակույթում մենակատարող ալտի արվեստի վերածնության գործում առաջատարի դերն ստանձնեց Ալ.Հարությունյանը` գրելով ալտի "Retro" սոնատը, որը հայրենական երաժշտական արվեստում այդ հիանալի նվագարանի համար առաջին ու ամենավառ սոնատը դարձավ:
Ալտն անմիջական ժառանգն է viola-pompesa-ի` բարոկկոյի ժամանակներում օգտագործվող նվագարանի` որպես աղեղնայինների շարքում առավել հանդիսավոր մենակատարող առաջատարի: Ահա` թե ինչու կոմպոզիտորն իր սոնատն անվանեց "Retro":
"Retro" սոնատը հրատարակված է Տոկիոյում ("Zen-On", 2008):

Armenian Scenes«Հայկական էսքիզներ» (Brass Quinttet) սյուիտ պղնձե փողային նվագարանների քվինտետի համար (4 մասից, 1984).
Քվինտետի պարտիտուրը եզակի է հայ մշակույթում:
Խիստ ասած` դա նույնիսկ այնքան էլ քվինտետ չէ, այլ, մասամբ` սեքստետ, քանի որ շարքի երկրորդ ու չորրորդ պիեսներում ներառված է հարվածայինների կատարում. երկրորդում` փոքր թմբուկ, իսկ չորրորդում` դհոլ, որն ազգային հարվածային նվագարան է` շատ հնչեղ (կարելի է փոխարինել փոքր թմբուկով):
Այդ չորս մանրերկը, իրո`ք, վերստեղծում են ժողովրդի կենցաղը, ընդ որում` պիեսներից յուրաքանչյուրը կարծես թե կողմնորոշված է տվյալ կոնկրետ ու կարևոր իրադարձությանը («Վաղորդյան երգ», «Խնջույքի երգ», «Վշտի երգ», «Հարսանեկան շքերթ»):
Առաջին կատարումը կայացավ 1985 թվականին Մոսկվայում` Մեծ թատրոնի քվինտետի կատարմամբ:
Brass Quintet-ը հրատարակված է Շվեյցարիայում ("BIM", 1988):

poem-sonatՊոեմ-սոնատ ջութակի ու դաշնամուրի համար (նվիրված է Էդվարդ Թադևոսյանին, 1985).
Մեկ մասից բաղկացած այս ստեղծագործությունը, ըստ ժանրային հատկանիշի` տիպական կամերային է, քանի որ անսամբլային փոխգործողության աստիճանն այդտեղ առավելագույնս արդյունավետ է ու հավաք: Ընդարձակ կտավը վերաճել է եղանակայի¬ն փոքրիկ մի սերմից` պարզ և, միաժամանակ` անվերջանալի մեղեդիական ու կերպարային վերափոխություններին պատրաստ:
Պոեմ-սոնատը հրատարակված է Տոկիոյում ("Zen-On", 1999):

Տրիո ջութակի, կլարնետի ու դաշնամուրի համար (3 մասից, 1993).
Այս ստեղծագործությունը յուրօրինակ է նվագարանների անսովոր զուգակցությամբ: Նվագարանային կամերային տարբեր կազմերի փնտրտուքը XX դարում բավական ակտիվ իրականացվում էր Եվրոպայում ու Ամերիկայում, սակայն կլարնետը, որպես նվագարան` աղեղնայինների հետ համատեղ ի հայտ եկավ Մեսսիանի «Ժամանակի վախճանի առթիվ» քվարտետում: Փառավոր նախաձեռնության արժանի շարունակությունը դարձավ կամերային ստեղծագործության ի հայտ գալը, որում ավանդական ջութակն ու դաշնամուրը համալրված են կլարնետի գեղեցիկ հնչմամբ: Նվագարանների այսպիսի զուգակցությունը հատուկ մշակվածքի ստեղծում է պահանջում:
Առաջին կատարումը կայացավ 1994 թվականին Միչիգան քաղաքում (ԱՄՆ)` «Վերդեր-եռյակի» կատարմամբ:
Տրիոն հրատարակված է Տոկիոյում ("Zen-On", 1994):

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Դաշնակահարի ձիրքն Ալ.Հարությունյանին թույլ տվեց ստեղծել և` ըստ ժանրի, և` ըստ տեխնոլոգիայի խիստ բազմազան, վառ ստեղծագործություններ, որոնք, միաժամանակ` դաշնակահարության ազգային դպրոցի նկատելի, պատկառելի մասը դարձան: Հայաստանի երաժշտական մշակույթի կայացման ու զարգացման պատմության մեջ այդ ստեղծագործությունների նշանակությունը վիթխարի է: Կոմպոզիտորը հաճախ ելույթ էր ունենում սեփական ստեղծագործությունների կատարմամբ:

Հայկական պար (1935)
Հովվերգական (1936)
Չորս պրելյուդ (1937)
Թեմա վարիացիաներով (1937)
Երեք պրելյուդ (1938)
Պրելյուդ-պոեմ (Մեծ պրելյուդ), (նվիրված է Կոնստանտին Իգումնովին), (1943)
Պոլիֆոնիկ սոնատ, 3 մաս (1946)
Հումորեսկ («Նմանակում Պրոկոֆևին»;), (1947)
Երեք երաժշտական պատկեր (նվիրված է Կետտի Մալխասյանին), (1960, Տոկիո, "Zen-On", 1999)
Սոնատին, 3 մաս (1967)
Վեց տրամադրություն, շարք (նվիրված է Վիլլի Սարգսյանին), (1976, Երևան, «Արճեշ»;, 2002)
Եղերգ (1989, ձեռագիր)
Հումորիստական պատկեր (Հումորեսկ), (1991)
Մանկական ալբոմ (2004, Երևան, «Կոմիտաս»;, 2005)
Երաժշտական ակնթարթ 4 ձեռքով (ձեռագիր)
Էքսպրոմտ 4 ձեռքով (ձեռագիր)


ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ
Քայլերգ (1939), (նոր խմբագրում, 1976, ձեռագիր)
«Հայկական ռապսոդիա» – համահեղինակ` Առնո Բաբաջանյան (1950, Տոկիո, "Zen-On" 1994)
«Տոնական» – երկու դաշնամուրի և հարվածայինների համար, համահեղինակ` Առնո Բաբաջանյան (1961, Տոկիո, "Zen-On", 1994)
Ռոմանս
Տխուր երգ
Սկերցո
Պար
Վալս «Իմ ընկերոջ մասին» կինոնկարից (փոխադրումը` հեղինակի)

ԴԱՇՆԱՄՈՒՐ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ
Կոնցերտինո – դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 3 մաս (նվիրված է Նարինե Հարությունյանին), (1951)
«Մեր հին երգերը» – ռապսոդիա դաշնամուրի, լարային նվագախմբի և հարվածայինների համար (1974)


Պրելուդ-պոեմ դաշնամուրի համար (նվիրված է Կոնստանտին Իգումնովին, 1942).
Այս ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց հեղինակային կատարմամբ` 1943 թվականի հունիսի 25-ին կայացած հոբելյանական համերգում, երբ Հայաստանի երաժշտական հասարակայնությունը նշում էր Կոնստանտին Նիկոլաևիչի 70-ամյակը: Պրելուդ-պոեմն Իգումնովի յուրօրինակ երաժշտական դիմանկարն է, որում զգացվում են Ուսուցչի հանդեպ քնքուշ սերն ու խոր ակնածանքը, ծանր ապրումները պատերազմի ողբերգական տարիներին Արվեստագետի ճակատագրի համար:

Պոլիֆոնիկ սոնատ դաշնամուրի համար (նվիրված է Հենրիկ Լիտինսկուն, 1947).
Ստեղծվել է Մոսկվայում ուսումնառության տարիներին:
Առաջին մասը` «Ինվենցիա», սկերցոյի բնույթի է, երկրորդ մասն է քնարական-դրամատիկ «Խորալը», և եզրափակիչ մասն է «Ֆուգան»: Պոլիֆոնիկ սոնատը դաշնակահարների համերգային ցանկի ամենաբարդ ստեղծագործություններից մեկն է:

3-muzԵրաժշտական երեք պատկեր դաշնամուրի համար (նվիրված են Քեթի Մալխասյանին, 1960, Տոկիո, "Zen-On", 1999).
Շարքի առաջին պիեսն է` «Քամին լեռներում», երկրորդը` «Երեկոն Արարատյան դաշտում», երրորդը` «Սասունցիների պարը»: «Երաժշտական երեք պատկեր» դաշնամուրային շարքում (1960) վառ գունեղությունը` հարությունյանական ոճի բնորոշ գծերից մեկը, հարստանում է իմպրեսիոնիստական արվեստի տարրերի լայն օգտագործմամբ:


6-tramadrutyun«Վեց տրամադրություն» դաշնամուրի համար» (նվիրված են Վիլլի Սարգսյանին, 1976, Երևան, «Արճեշ», 2002).
Այս ստեղծագործությունը նշանավորում է նոր դիտանկյուն հարությունյանական ոճի զարգացման մեջ: 1950-60-ական թվականների ստեղծագործություններում առկա քնարական զգացմունքի բացահայտ դրսևորման համեմատությամբ` 1980-ական թվականների քնարերգության մեջ հայտնվել են ինքնախորասուզվածության, ներքին կենտրոնացվածության գծեր:
«Վեց տրամադրություն»
ստեղծագործության մեջ խորասուզումը թարմ ապրումների մեջ կանխորոշում է երաժշտական միջոցների լակոնական զսպվածությունը, երաժշտական կառուցվածքի գրաֆիկական հստակությունը, մեդիտատիվ իմպրովիզացիայի ոճաբանությունը:

arm-raps«Հայկական ռապսոդիա» երկու դաշնամուրի համար (1950, Տոկիո, "Zen-On", 1994) և «Տոնական» երկու դաշնամուրի ու հարվածայինների համար (1961, Տոկիո, "Zen-On", 1994). Այս ստեղծագործություններն Ալ.Հարությունյանը գրել է նշանավոր հայ կոմպոզիտոր և փայլուն դաշնակահար Առնո Բաբաջանյանի ընկերակցությամբ: Երկու ստեղծագործությունն էլ քաջածանոթ են լայն հասարակությանը, քանի որ բազմիցս ու մեծ հաջողությամբ կատարվել են համահեղինակների կողմից:

ՎՈԿԱԼ-ՍԻՄՖՈՆԻԿ ԵՎ ՎՈԿԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ալ.Հարությունյանը վոկալ երաժշտությանն առաջին անգամ դիմել է 1939 թվականին` «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակը տոնելու պատվին հայտարարված մրցույթին ներկայացնելով իր «Գուսանի երգը» (բարիտոնի ու դաշնամուրի համար), որն արժանացավ մրցանակի:

«Կանտատ Հայրենիքի մասին» – մենակատարի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի հետ, 5 մաս (խոսք` Ա.Գրաշու և Սարմենի), (1948) Կոնցերտ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 3 մաս (խոսք` Ա.Գրաշու, 1950, ձեռագիր)
«Երգիր ինձ համար» – ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Հ.Ղուկասյանի), (1952)
«Սիրահարված եմ» – վոկալ պատկեր ձայնի և նվագախմբի համար (խոսք` Հ.Ղուկասյանի), (1954)
«Սպիտակ գիշերներ» – «Իմ ընկերոջ մասին» կինոնկարից (երգ մեցցո-սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Մ.Դուդինի «Լենինգրադյան տետրերից»), (1958)
«Ասք հայ ժողովրդի մասին» – վոկալ-սիմֆոնիկ պոեմ, 4 մաս (խոսք` Ա.Գրաշու), (1960)
Երկու վոկալիզ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (նվիրված է Զարուհի Դոլուխանյանին), (1964)
«Հայրենիքիս համար» – երգ-կանտատ մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Հովհ.Թումանյանի), (1969)
«Հուշարձան մայրիկիս» – վոկալ շարք ձայնի և նվագախմբի համար (խոսք` Հովհ.Շիրազի), (1970)
«Տրիպտիխ» (Սիմֆոնիա) – երգչախմբի և հարվածայինների համար (1982, ձեռագիր)

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ

a cappella
«Աշնանային երգ» (խոսք` Ա.Գրաշու), (1954)
Ռեքվիեմ (նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին), (1965)
«Հայրենի երգեր» – շարք (1971-1972)
«Երգ Մասիսին» (խոսք` Լ.Դուրյանի), (1972)

Պատանեկան իմացասիրությունն ու խիզախությունը, որոնք առավել ցայտուն արտահայտվեցին մոսկովյան տարիների ստեղծագործություններում (1946-1949), նախապատրաստեցին գեղարվեստականորեն հասուն ստեղծագործությունների ի հայտ գալը, և առաջին հերթին` «Կանտատ Հայրենիքի մասին» մենակատարների, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք` Սարմենի և Ա.Գրաշու, 5 մասից, 1949):
Կանտատը ոգեշունչ ստեղծագործություն է` մտքի խորությամբ ու բացառիկ ամբողջականությամբ: Կյանքի լուսավոր ընկալումը, ազգային ոճի մաքրությունը, աշխույժ խանդավառությունն այդ երաժշտության անվիճելի արժանիքներն են:
Առաջին մասը` «Կենաց», հնչում է որպես իսկական հայրենասիրական պոռթկում: Երկրորդ մասը` «Կարմիր հրապարակ», ավելի կամերային է, հիշեցնում է լարված փիլիսոփայական պոեմ-խոհեր: Երրորդ մասը` «Աշխատանքի հրճվանք», լեցուն է առաձիգ ու կամային ռիթմի տարերքով: Չորրորդ մասը` «Օրորոցային», «քնարական հայտնություն» է: Հինգերորդ մասը` «Փառք Հայրենիքին», ջերմացված է Հայրենիքի հանդեպ բոցավառ ու վեհ զգացմունքով:

1949 թվականին «Կանտատ Հայրենիքի մասին» ստեղծագործությունն արժանացավ Առաջին կարգի Պետական (Ստալինյան) մրցանակի: ԽՍՀՄ ԽԿՄ Վարչության II պլենումում Տ.Խրեննիկովն այդ ստեղծագործության նշանակությունը բնութագրեց այսպես. «Ալ.Հարությունյանի «Հայրենիքի մասին» կանտատը ոչ միայն հայ երաժշտական մշակույթի նվաճումն է, այլև` մեր ընդհանուր նվաճումը»:
Առաջին կատարումը կայացավ 1949 թվականին Մոսկվայում, կոնսերվատորիայի Մեծ դահլիճում` Ա.Ստասևիչի ղեկավարությամբ, մենակատարներ` Զ.Դոլուխանյան և Վ.Զախարով:
Կանտատը հնչեց բազում երկրներում` Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Չինաստանում, Ռումինիայում, ԳԴՀ-ում, Հունգարիայում և այլուր:

«Կանտատ Հայրենիքի մասին» ստեղծագործության հաջողությունից հետո Ալ.Հարությունյանը զգալիորեն հաճախ սկսեց դիմել վոկալ երաժշտությանը, որն այնքա¯ն մոտ էր իր ստեղծագործական անհատականությանը: 1950 թվականից ի հայտ եկան Կոնցերտ ձայնի ու նվագախմբի համար (1950), «Թեմա և հինգ կապրիս» կոլորատուրային սոպրանոյի համար (կլավիր, նվիրված է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանին, 1959) և մի շարք երգեր:

Նշանակալից ստեղծագործություններից մեկն է «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (4 մասից, 1960): Ս.Կապուտիկյանի և Ա.Գրաշու բանաստեղծություններն օգտագործված են չորս մասերից յուրաքանչյուրում որպես բանաստեղծական դրվագներ (ասմունքողի համար նախատեսված) և երրորդ ու չորրորդ մասերում` որպես բանաստեղծական տեքստ: Պոեմի առաջին երեք մասը («Քանդված օջախներ», «Կրակի բովով», «Պանդուխտի երգ») վերակենդանացնում են մինչհեղափոխական Հայաստանի պատկերներ, իսկ վերջին մասը` «Հայրենի երկրի երգը», հնչում է որպես նոր կյանքի օրհներգ:

«Հուշարձան մայրիկիս» ձայնի ու նվագախմբի (դաշնամուրի հետ) համար (նվիրված է մորը` Էլեոնորա Հարությունյանին, 1970). այսպես է անվանվում Ալ.Հարությունյանի հիանալի վոկալ շարքը, որը բաղկացած է վեց մանրերկից` ականավոր հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ոգեշունչ խոսքով:
Տվյալ ստեղծագործության մեջ արվեստագետը թույլ տվեց ունկնդրին ներթափանցել ամենամաքուր ու վսեմ զգացմունքներից մեկի` մոր հիշատակի ու նրա հանդեպ չխամրող սիրո մեջ:
Ալ.Հարությունյանն ընտրեց մանրերկը` որպես ստեղծագործության ձևակազմիչ հիմք: Վեց լակոնիկ վոկալ պիեսներ («Բալլադ», «Օրորոցային», «Նոկտյուրն», «Արիոզո», «Հրաշք», «Ավարտ») կազմել են հակիրճ խորհրդանշանակ առակաբանությունների դրամատուրգիապես ամբողջական մի շարք, որոնց տողամիջում պարունակվում է որդու և մոր միջև հոգևոր կապերի անքակտելիության նրբին բանաստեղծական-փիլիսոփայական գաղափարը: Շարքի կառուցվածքային կատարելությունը պայմանավորված է մանրամասների կշռադատվածության բարձր աստիճանով: Բանաստեղծական կերպարային շարքի բաց խորհրդանշանակության համարժեք երաժշտական մարմնավորման համար օգտագործված են ամենաճշգրիտ տեխնիկական միջոցները:

©2005-2009, Alexander Arutiunian. Designed by Genesis Studio, LLC