ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Ծնվել է 1920թ.) | Մանկությունը և պատանեկության տարիներըԱլեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում, զինվորական ծառայողի ընտանիքում: 1927թ. սկսվեցին յոթամյա երեխայի երաժշտության պարապմունքները Երևանի կոնսերվատորիային կից մանկական խմբում: 1934-ին Հարությունյանն ընդունվում է կոնսերվատորիա` դաշնամուրի (դաս.` Օ.Բաբասյան) և կոմպոզիցիայի (դաս.` Ս.Բարխուդարյան, Վ.Տալյան) բաժիններ: Կոմպոզիցիայի դասարանում նրա գրած առաջին ստեղծագործությունը «Հայկական պար» -ն է (1935), որը տպագրվեց երկու տարի անց: 1938թ. Վարդգես Տալյանը Ալ.Հարությունյանին և Ա.Բաբաջանյանին իր հետ տարավ Մոսկվա, ուր նրանց ստեղծագործությունների ունկնդրում կազմակերպվեց Հայաստանի Մշակույթի տան դահլիճում: Այդ համերգի ժամանակ աշակերտներն առաջին անգամ տեսան մեծանուն Արամ Խաչատրյանին: 1939թ. կազմակերպվել էին մի շարք հանդիսություններ` նվիրված «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին: Երևանի կոնսերվատորիան մրցույթ հայտարարեց էպոսի որևէ հատվածի խոսքերով գրված լավագույն ստեղծագործության համար: Հարությունյանն իր «Տի գովեմ Խանդութ խանում» երգով արժանացավ I մրցանակի: Նույն տարում, չնայած երիտասարդ տարիքին, Ալեքսանդր Հարությունյանը և Էդվարդ Միրզոյանը դարձան Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ: Կոմպոզիցիայի դիպլոմային աշխատանքը դարձավ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը: Կոնցերտի վրա աշխատելիս` Հարությունյանը խորհրդակցում էր կոնսերվատորիայի ռեկտոր, ականավոր դիրիժոր Կոնստանտին Սարաջևի հետ (նրանց ստեղծագործական հանդիպումները հետագայում հաճախակի դարձան): 1941թ. կոնսերվատորիան գերազանց ավարտելով` Պետական հանձնաժողովը երաշխավորեց Հարությունյանի գործուղումը Մոսկվայի կոնսերվատորիա` կոմպոզիցիայի գծով ուսումը շարունակելու համար: Ավա~ղ, սկսվեց պատերազմը... Պատերազմի տարիներին Հարությունյանը և օպերայի թատրոնի խմբավար Վ.Նիկոլսկին, Երևանի Սպայի տանը կից` Երգի-պարի անսամբլ կազմակերպելով, ելույթներ էին ունենում զինվորական ստորաբաժանումների համար: Դեռ ուսանողական տարիներին Հարությունյանը կատարում էր բավականին դժվար ստեղծագործություններ, օրինակ` Բեթհովենի «Ապասիոնատը» , Շոպենի Սոնատը և C dur Էտյուդը, Պրոկոֆևի Երրորդ սոնատը (D dur) և այլն: 1942թ. Կոնստանտին Սարաջևի ջանքերի շնորհիվ Երևանում օթևանեց II Համաշխարհային պատերազմի պատճառով էվակուացված Կոնստանտին Նիկոլաևիչ Իգումնովը: Մեկ ուսումնական տարի Հարությունյանը հաճախում է նրա պարապմունքներին: Նա զուգահեռ շարունակում է ստեղծագործել դաշնամուրի համար: 1943 թվականին գրված «Մեծ պրելյուդը» Հարությունյանը նվիրում է Կ.Ն.Իգումնովին: 1944թ. Մոսկվայում հայկական երաժշտության համերգաշար էր կազմակերպվել: ԽՍՀՄ պետական նվագախմբի հետ (դիրիժոր` Սարաջև) Հարությունյանը կատարեց իր Դաշնամուրային կոնցերտի 2-րդ և 3-րդ մասերը: Մոսկովյան ժամանակաշրջան1946թ. սկզբին որոշում ընդունվեց` Մոսկվայում, Հայաստանի Մշակույթի տանը կից գործող ստուդիայում մի խումբ երիտասարդ կոմպոզիտորների կատարելագործման ուղարկելու մասին: Ալ.Հարությունյանի, Ա.Բաբաջանյանի, Էդ.Միրզոյանի, Ա.Խուդոյանի հետ պարապելու համար հրավիրվեց Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գենրիխ Իլյիչ Լիտինսկին: 1947թ. Հարությունյանը գրում է «Հանդիսավոր ներբող և Քայլերգ» սիմֆոնիկ նվագախմբի համար: Այդ ստեղծագործությունը առաջին անգամ կատարվեց 1947թ. նոյեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում` Ն.Գոլովանովի ղեկավարությամբ: Սկսվեց աշխատանքը «Կանտատ Հայրենիքի մասին» (խոսք` Սարմենի և Աշոտ Գրաշու, ռուսերեն թարգմանությունը` Ա.Գայամովի) ստեղծագործության վրա: «Հայրենիք» կանտատն առաջին անգամ հնչեց 1948թ. Մոսկվայի Ռադիոյի տան մեծ ստուդիայում կազմակերպված ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության պլենումի համերգին: Այն կատարեցին Համամիութենական ռադիոյի երգչախումբն ու նվագախումբը` Աբրամ Ստասևիչի ղեկավարությամբ, Զարուհի Դոլուխանյանի և Վլադիմիր Զախարովի մենակատարումներով: 1949թ. «Հայրենիք» կանտատն արժանացավ Ստալինյան 1-ին կարգի մրցանակի: Հասունության տարիներՀամեմատաբար կարճ ժամանակում ստեղծվեց «Տոնական նախերգանքը» : Նախերգանքն առաջին անգամ հնչել է 1949թ. նոյեմբերին, Լենինգրադի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում` Եվգենի Մրավինսկու ղեկավարությամբ: Մերօրյա ականավոր դիրիժոր Կառլո Ցեկկին Հայֆիլհարմոնիայում կայացած մամլո ասուլիսում Ալ. Հարությունյանի «Տոնական նախերգանքի» մասին լոկ մի բառ ասաց` «Հոյակա°պ» : 1950թ. Ալեքսանդր Հարությունյանն ամուսնանում է Իրինա (Թամարա) Օդենովայի հետ: Նրանք ունենում են երկու երեխա. դուստրը` Նարինեն (ծնվ. 1951թ., դաշնակահարուհի, իրավաբան, բնակվում է Լոնդոնում և Երևանում), և որդին` Սուրենը (ծնվ. 1953թ., նկարիչ-դիզայներ, բնակվում է Լոս Անջելեսում): Ալ. Հարությունյանն այժմ ունի երեք թոռնուհի և մեկ թոռնիկ: 1950թ. Հարությունյանը, աշխատելով շեփորի և նվագախմբի համար Կոնցերտի վրա, խորհրդակցում է հայտնի մենակատար-շեփորահար Հայկազ Մեսիայանի հետ: Հենց վերջինս էլ առաջինը նվագեց Կոնցերտը Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում ԽՍՀՄ Պետական նվագախմբի հետ, որի դիրիժորն էր Կառլ Էլիասբերգը: Այս Կոնցերտի մեծագույն ջատագովը դարձավ Տիմոֆեյ Դոկշիցերը: Նա 1977թ. Կոնցերտի համար կադենցիա գրեց` կառուցված ստեղծագործության հիմնական թեմաների վրա: Կոնցերտը ներառվել է մի շարք միջազգային մրցույթների ծրագրերում` որպես 3-րդ փուլի պարտադիր ստեղծագործություն: Կոնցերտը նվագել են անվանի երաժիշտ-շեփորահարներ Մորիս Անդրեն, Բեռնար Սուստրոն, Արտուրո Սանդովալը, Տիմոֆեյ Դոկշիցերը, Սերգեյ Նակորյակովը և այլք: 1952թ. Համամիութենական ռադիոյի ուղիղ եթերում հեռարձակվեց Հարությունյանի «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ նվագախմբի համար, դիրիժոր` Գեննադի Ռոժդեստվենսկի: 1953թ. Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի կոլեկտիվն աշխատում էր Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա» և «Օսկան Պետրովիչն էն կինքումը» զավեշտախաղերի բեմականացման վրա` Ալ.Հարությունյանի երաժշտությամբ: 1954թ. Ալեքսանդր Հարությունյանին վստահվեց Հայկական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը (աշխատել է մինչև 1990թ.): Հարությունյանը եղել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կոմպոզիտորների միությունների վարչությունների անդամ: Ռեժիսոր և սցենարի հեղինակ Գրիգոր Մելիք-Ավագյանը 1956թ. նկարահանում էր «Սիրտն է երգում» կինոնկարը: Կինոնկարի համար երաժշտությունը գրում են Ալ. Հարությունյանը և Կ.Օրբելյանը (Հայաստանի էստրադային նվագախմբի գեղ. ղեկավար): Այդ նվագախմբի համար 1956թ. Հարությունյանը գրում է «Քարավան» երաժշտական պատկերը, որում արտացոլվել են մտորումներ` ողբերգական իրադարձությունների բերումով օտարության մեջ հայտնված հայի ճակատագրի մասին: 1950-ականների կեսերից հասունանում էր Սիմֆոնիայի ստեղծման միտքը: Աշխատանքը շարունակվում էր մինչև ստեղծագործության պրեմիերան, որը կայացավ Երևանում, 1957թ., Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ: ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության քարտուղար Սերգեյ Վասիլևիչ Ակսյուկը հոդվածում գրում է. «Չեմ հիշում վերջին տարիներին երևան եկած մեկ այլ սիմֆոնիա, որն ունենար այնպիսի հոգեհարազատ գրավչություն, մարդկային զգացմունքների ջերմություն, արդիականության թեմայի վերարտադրման խորություն, ինչպիսին առկա է Ալ. Հարությունյանի Սիմֆոնիայում: Այդ իմաստով նա իր արժանի տեղն ունի Ս.Պրոկոֆևի 7-րդ և Ն.Մյասկովսկու 27-րդ սիմֆոնիաների կողքին: Սիմֆոնիայի ազգային բնույթը միայն ուժեղացնում է նրա ազդեցությունը: Այստեղ կան գծեր, որոնք մոտ են բեթհովենյան սիմֆոնիզմին: Սա մարդկային մեծ ու հզոր զգացմունքի սիմֆոնիա է, նաև` նոր աշխարհի, որ ներկայացված է հեղինակի հարուստ վերարտադրմամբ» : 1958թ. կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը Հարությունյանին առաջարկում է երաժշտություն գրել իր «Իմ ընկերոջ մասին» ֆիլմի համար: Նկարահանումները տեղի էին ունենում Լենինգրադում: Պակասում էր մի Վալս, որը հանկարծակի ներառել էր ռեժիսորը: Վալսը հորինվեց 3-4 օրում: Վալսն այնուհետև իր սեփական համերգային կյանքն ունեցավ: Հեղինակը փոխադրեց այն երկու դաշնամուրի համար: 1960 թվականի ստեղծագործություններից պետք է նշել դաշնամուրի համար գրված «Երաժշտական երեք պատկերը» , որոնց թեմատիկ բովանդակությունն արտացոլված է դրանց վերնագրերում` «Հովը փչեց լեռներում» , «Երեկոն Արարատյան հովտում» , «Սասունցիների պարը» : 1960 թվականին Հարությունյանն այցելում է Արաբական Միացյալ Ամիրայություն, Կահիրե, Լուքսոր, Դամասկոս, Բեյրութ: 1961թ. «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ շարքն առաջին անգամ կատարվեց Երևանում` Մ.Մալունցյանի ղեկավարությամբ: Հաջորդ տարի պոեմը հնչեց Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում` Ա.Ստասևիչի ղեկավարությամբ: 1963թ. իր դռները բացեց Դիլիջանի Ստեղծագործական տունը: Առաջին իսկ ամռանը այստեղ հանգստանալու և աշխատելու եկավ աշխարհահռչակ Դմիտրի Շոստակովիչը: 1965թ. օգոստոսին Դիլիջան եկան նաև անգլիացի ականավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենը, հայտնի երգիչ Պիտեր Պիրսը, նրանց հետ էին Մստիսլավ Ռոստրոպովիչը, Գալինա Վիշնևսկայան` իր կոնցերտմայստերի հետ: Բրիտտենը ցանկություն էր հայտնել ծանոթանալ հայ կոմպոզիտորների երկերի հետ: Հարությունյանի հետ ստեղծագործական հանդիպումից հետո Բրիտտենը նրան է նվիրում Ա.Ս.Պուշկինի խոսքերով գրված իր ռոմանսի ձեռագիրը: 1965թ. փետրվարին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Ալեքսանդր Հարությունյանին հրավիրում է Էջմիածին և առաջարկում գրել երգչախմբային ստեղծագործություն` նվիրված Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցին: Ապրիլի 24-ին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ մատուցվեց: Ներկա էին մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Պատարագի վերջում հնչեց Հարությունյանի Ռեքվիեմը: Հաջորդ օրը ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը կոմպոզիտորին հրավիրեց իր արվեստանոց և աշխատանքներից մեկը նվիրեց, ասելով` «Ռեքվիեմի համար» : Հայաստանի կամերային նվագախմբի ղեկավար Զարեհ Սահակյանցը ցանկություն էր հայտնել, որպեսզի Ալեքսանդր Հարությունյանը անսամբլի համար որևէ ստեղծագործություն գրի: 1966թ. ամռանը կարճ ժամանակահատվածում ստեղծվում է Սիմֆոնիետ` լարային նվագախմբի համար: Սիմֆոնիետը կատարվում է բազմաթիվ երկրներում: Հատկապես պետք է առանձնացնել մի կատարում. 1984թ. Հայֆիլհարմոնիայի համերգային Մեծ դահլիճում այն նվագեցին համատեղ ելույթ ունեցող երկու կոլեկտիվ` «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, և Հայաստանի կամերային անսամբլը` Զարեհ Սահակյանցի ղեկավարությամբ (դիրիժոր` Վ.Սպիվակով): 1967թ. գարնանը Հարությունյանն այցելում է Լեհաստան` որպես Հենրիկ Վենյավսկու անվան միջազգային մրցանակաբաշխության համար նախատեսված` ջութակի և նվագախմբի լավագույն պարտադիր ստեղծագործության կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի անդամ: 1967-ից սկսվում է եռանդուն աշխատանքը «Սայաթ-Նովա» օպերայի վրա: Շարունակվեց լիբրետոյի հեղինակ Հակոբ Խանջյանի հետ համագործակցությունը: Օպերայի պրեմիերան կայացավ 1969թ. մայիսին (հաջողությամբ անցան 100-ից ավելի ներկայացումներ): 1972թ. «Սայաթ-Նովա» օպերայի համար Հարությունյանին շնորհվեց Հայաստանի Պետական մրցանակ: 1973թ. կայացավ օպերայի պրեմիերան Բաքվում` ադրբեջաներեն: Իսկ 1976թ. սեպտեմբերին Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում «Սայաթ-Նովան» ներկայացվեց Երևանի օպերային թատրոնի հյուրախաղերի ընթացքում: Ներկա էր Արամ Խաչատրյանը, ով իր նամակում գրեց. «Սիրելի Կոտիկ: <...> Ես գտնում եմ, որ քո Օպերան հայկական օպերային արվեստի պատմության մեջ կգրավի առաջին տեղերը: Նա երգային է, լեզուն` նրբագեղ, գործիքավորումը` շատ նուրբ և հնարագիտորեն դրսևորված: Դատարկ տեղեր չկան, ջուր չկա, թեև մեկ-մեկ պետք է համով ջուր: Ես խոսում եմ Սայաթ-Նովայի մեղեդիների մասին, բայց այդ բոլորը քոնն է, ամբողջ սայաթնովյան մեղեդայնությունը լուծված է քո հարուստ մեղեդիության մեջ <...> » : 1970թ. իր 50-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Հարությունյանն արժանանում է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչմանը: Նույն տարում Հարությունյանն աշխատում է «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքի վրա, որի հիմքում ընկած էին Հովհաննես Շիրազի համանուն ժողովածուի բանաստեղծությունները: Շիրազի «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն իսկապես զարմանահրաշ գիրք է, որը սեր է ճառագում և մոր կերպարը բացահայտում է ամենատարբեր դրսևորումների ամբողջականության մեջ: 1970թ. Հարությունյանը հրավիրվում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին (1977-ից նա ստանում է պրոֆեսորի կոչում): Նրա շրջանավարտներից են` Էդ.Սադոյանը, Ա.Սաթյանը, Կ.Կարապետյանը, Գ.Մանասյանը, Դ.Ազարյանը, Ս.Բաղդասարյանը, Ա.Ղազարյանը, Ա.Գարսոյանը, Լ.Սիմոնյանը և այլք: 1971 թվականին Հարությունյանն ուղևորություններ է կատարում դեպի ԱՄՆ, Սիրիա, Լիբանան, 1973-ին` Արգենտինա, ԱՄՆ: Արտասահմանյան այցելուությունները ծառայեցին որպես ստեղծագործելու նոր խթան: 1973թ. Հարությունյանը գրում է Թեմա վարիացիաներով շեփորի և նվագախմբի համար: Հետագայում այդ ստեղծագործությունը իրեն հատուկ վարպետությամբ ու փայլով նվագեց Տիմոֆեյ Դոկշիցերը` Մոսկվայում, Չայկովսկու անվան համերգային դահլիճում, իսկ նրան նվագակցում էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը` գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: 1977թ. կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ աշխատում են «Նահապետ» կինոնկարի վրա, որն արժանացավ 1978թ. Համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմի յուրահատուկ լայտթեման Դլե յաման ժողովրդական մեղեդին է, իսկ հերոսը հասարակ աշխատավոր է, ում ազգակիցները 1915թ. Մեծ Եղեռնի զոհ են դարձել, և ով իր շրջապատի մարդկանց հոգատարության և ուշադրության շնորհիվ կրկին վերադառնում է աշխատանքային կյանքի` վերջինիս առօրեական հոգսերով, դժվարություններով և ուրախություններով: 1980թ. Հարությունյանը գրում է ֆլեյտայի, լարային նվագախմբի և տավղի համար Կոնցերտ: Կոնցերտը ստեղծելիս` նա նկատի ուներ մոսկվացի հայտնի ֆլեյտահար Ալեքսանդր Կոռնեևի կատարողական վարպետությունը (Կոնցերտը նվիրված է նրան): Հոբելյանական հեղինակային երեկոների շարքում կարելի է առանձնացնել Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ Երևանի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում կայացած համերգը: Նրա ծրագրում ընդգրկված էին Սիմֆոնիան, դստեր` Նարինեի կատարմամբ, Դաշնամուրի կոնցերտինոն, Շեփորի կոնցերտը, որի մենակատարն էր Մոսկվայից հատուկ ժամանած Տիմոֆեյ Դոկշիցերը, «Պոեմ երգի մասին» -ը` Լուսինե Զաքարյանի կատարմամբ, և «Հայրենիքիս հետ» խմբերգը (ելույթ ունեցավ Հայաստանի ակադեմիական երգչախումբը): 1982 թվականից շվեյցարական "BIM" հրատարակչության տնօրեն Ժան-Պիեռ Մատեն Ալեքսանդր Հարությունյանին պատվիրում և հրատարակում է ստեղծագործություններ` հիմնականում փողային նվագարանների համար: 1984թ. Հարությունյանը գրում է «Հայկական էսքիզներ» սյուիտը պղնձե փողային կվինտետի համար: Այն որոշ արտասահմանյան մրցույթների նշված կազմի անսամբլների համար կազմված պարտադիր ծրագրի մեջ մտավ: 1990թ. բրաս-կվինտետների նման մրցույթներից մեկին, որն անցկացվեց Ֆրանսիայի հարավում գտնվող Նարբոն քաղաքում, հեղինակը հրավիրվեց որպես ժյուրիի նախագահ: 1983թ. Ալեքսանդր Հարությունյանին շնորհվում է «Օրփեոսի դիպլոմ» ("Orpheus Award"), որի հանձնաժողովը գտնվում է ԱՄՆ Քենտուքի նահանգում: Հայտարարվեց, որ դիպլոմը շնորհվում է կոմպոզիտորին` «ԱՄՆ-ում նրա երաժշտության ժողովրդականության համար» : 1987թ. ավանդական դարձած «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին քաղաքի մի շարք այլ մեծահարգ գործիչների հետ Հարությունյանն արժանացավ Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացու կոչման: 1988թ. Հայաստանում աղետալի երկրաշարժի տպավորությունների տակ Հարությունյանը գրում է Ջութակի կոնցերտը: Քառամաս Կոնցերտը ջութակի և լարային նվագախմբի համար նվիրված է առաջին կատարող Ռուբեն Ահարոնյանին (պրեմիերան տեղի է ունեցել 1989թ.): 1990թ. Ջութակի կոնցերտը կատարեց ջութակահար Լևոն Համբարձումյանը (Մոսկվայի կոնսերվատորիայի կամերային նվագախմբի ղեկավար): Անգլիական "Chandos" ֆիրմայի պատվերով լույս տեսավ Ալ.Հարությունյանի հեղինակային կոմպակտ դիսկը, որի վրա ձայնագրված Կոնցերտը հիանալի են կատարում ջութակահար Իլյա Գրուբերտը և կամերային նվագախումբը` Կոնստանտին Օրբելյան կրտսերի ղեկավարությամբ: 2000թ. հունվարին այդ ստեղծագործությունը կատարվեց Հոլանդիայի ութ քաղաքներում: Ամստերդամում Կոնցերտի պրեմիերային ներկա էր Հոլանդիայի թագուհի Բեատրիքսը, ով համերգից հետո հրավիրեց Հարությունյանին իր օթյակ` հայտնելով իր գոհունակությունը: Ժան-Պիեռ Մատեի առաջարկությամբ` Հարությունյանը գրում է Կոնցերտ տրոմբոնի և նվագախմբի համար (1991թ., նրա առաջին կատարողը դարձավ հանրահայտ երաժիշտ Միշել Բեկեն), իսկ 1992-ին` Կոնցերտ տուբայի և նվագախմբի համար (պրեմիերան կայացավ 1995թ., Ֆինլանդիայի Լախտի քաղաքում, մենակատար` Հարրի Լիդսլե): Շուտով ամերիկացի տուբահար Սեմ Փիլաֆյանը կատարում է Կոնցերտը Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: 1993թ. ԱՄՆ Միչիգան նահանգի Վերդեր-տրիոյի պատվերով Ալ.Հարությունյանը գրում է Սյուիտ ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար: Սյուիտը հաջողությամբ կատարվում է ամբողջ աշխարհում: 1998թ. Ժան-Պիեռ Մատեն հրատարակում է իր պատվերով ստեղծված Հարությունյանի երկրորդ սյուիտը` հոբոյի, գալարափողի և դաշնամուրի համար: 2000թ. կայացան հոբելյանական համերգներ` նվիրված կոմպոզիտորի 80-ամյակին: Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում հնչեցին` Սիմֆոնիան, «Տոնական նախերգանգը» , Կոնցերտ և Թեմա վարիացիաներով շեփորի և նվագախմբի համար (մենակատար` իսպանացի երաժիշտ Բենջամին Մորենոն), և վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ` Կ.Դուրգարյանի ղեկավարությամբ: Կամերային երաժշտության համերգին հնչեցին` Սիմֆոնիետը, «Մեր հին երգերը» դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար` Ա.Բաբախանյան), վոկալ շարք «Հուշարձան մայրիկիս» (մենակատար` Ն.Բադալյան)` Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ: ԼԱՐՔ ընկերությունը (Լոս Անջելես) համերգներով երկրորդ անգամ է նշում Հարությունյանի հոբելյանը` դիրիժոր Վաչե Պարսումյանի և հանրահայտ ամերիկացի շեփորահար Արտուրո Սանդովալի մասնակցությամբ: 2005թ. Լոնդոնի Վիգմոր-հոլում կայացած համերգին հնչեցին Բրաս-կվինտետը և Կոնցերտը ջութակի և նվագախմբի համար (մենակատար` Ժակ Լիբեկ, դիրիժոր` Ջոն Լաբբոկ): 2005թ. հուլիսին Երևանում Ա.Խաչատրյանի անվան Մեծ համերգասրահում կայացավ Ալեքսանդր Հարությունյանի հեղինակային համերգը` նվիրված կոմպոզիտորի 85-ամյակին: Մասնակցում էր Սերգեյ Նակարյակովը, ում անվանում են «շեփորի Պագանինի» կամ «շեփորի Կարուզո» : Կատարվեց Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար` Է.Թոփչյանի ղեկավարությամբ: Նույն թվականի հոկտեմբերին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր անգլիացի դիրիժոր Պոլ Մաքալլինդին, ում ղեկավարությամբ հնչեցին Սիմֆոնիան, Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար` Նարինե Հարությունյան), Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար (մենակատար` Է.Մաքքի, Մեծ Բրիտանիա): 2009թ. մայիսին «Զատկի փառատոնի» շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգին, որը կայացավ Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում, հնչեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը» ` Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: |
